Մովսես Խորենացի Ռաֆֆի Գարեգին Նժդեհ

(Հակոբ Մելիք Հակոբյան) (Գարեգին Տեր-Հարությունյան)





Ազգային գաղափարախոսություն


Ազգային գաղափարախոսությունը գաղափարների և տեսակետների համակարգ է, որն արտահայտում է քաղաքականության և հասարարական գործունեության սուբյեկտների վերաբերմունքը տվյալ ազգին բնորոշ ընդհանրական հոգեկերտվածքի, մշակույթի, լեզվի, ավանդույթների ու սովորույթների, կենցաղի, ինքնության ու ինքնագիտակցության պահպանման և հարատև զարգացման նկատմամբ։ Ազգային գաղափարախոսությունը հիմնված է ազգի, հայրենիքի, պետականության, մշակույթի և կրոնի գաղափարների վրա:

Հայոց ազգային գաղափարախոսության ամբողջական համակարգի ստեղծման գործում, առանցքային դեր են կատարել երեք խոշոր ազգային գործիչներ՝ Մովսես Խորենացին, Նիկողայոս Ադոնցը և Գարեգին Նժդեհը: Ազգային գաղափարախոսությունը ժողովրդի ինքնապաշտպանության բնազդի գիտական հիմնավորումն է: Ազգային գաղափարախոսությունը մարդկային ցեղի ինքնապահպանման բնազդն է՝ հիմնավորված աշխարհաքաղաքական, պատմական և այլ բազմաթիվ ընդհանուր ու առանձնահատուկ բնույթ ունեցող կարևորագույն գործոններով: Այն ժողովուրդները, որոնց նկատմամբ պատմությունն անարդար է գտնվել, որոնք կորցրել են իրենց Հայրենիքը կամ Հայրենիքի մի մասը, որպես կանոն, իրենց ազգային գաղափարախոսության հիմքում առաջին հերթին դնում են Հայրենիքի ազատագրության հարցը: Ահա՛ թե ինչու հայերի ազգային գաղափարախոսությունը պատմականորեն կապված է Հայկական հարցի, Հայ դատի և Պահանջատիրության հետ, որը նշանակում է կորցրած Հայրենիքի ազատագրում, վերածվելով ազգային ազատագրական պայքարի։ Ազգային գաղափարախոսությունը բաղկացած է ազգի գոյապահպանման, ամբողջական Հայրենիքի, անկախ պետականության, ազգային մշակույթի և կրոնի հիմնադրույթներից: Ազգի, հայրենիքի, պետականության, մշակույթի և կրոնի գաղափարներն այն հիմնաքարերն են, որոնց վրա կառուցվում է ազգային գաղափարախոսության համակարգը: Ազգային գաղափարախոսությունը ունի իր ռազմավարական և մարտավարական ուղենիշը: Ռազմավարական ծրագիրը բաղկացած է ազգի գոյապահպանման, ամբողջական հայրենիքի, պետականության, մշակույթի և կրոնի հիմնադրույթներից:

Մարտավարական ծրագիրը ապահովում է ռազմավարական հիմնախնդիրների հանգուցալուծման ուղիները: Վերադառնալով Հայրենիք հասկացությանը, նշենք, որ  չնայած ժողովուրդը և հողը պատկանում են միմյանց, սակայն ամեն մի տարածք և հողակտոր դեռ հայրենիք չեն: Հողը Հայրենիք է դառնում, երբ այն վերածվում է պատմական հուշերի ու պատկերների շտեմարանի, որոնք ներկայացնում են տվյալ ժողովրդի պատմամշակութային գենոֆոնդը, ուր սրբագործվում են տվյալ ժողովրդի հերոսներն, բնությունն, լեռներ, սարեր, ձորեր և այլն: Այս ամենը հայրենիքը դարձնում են միակը և անկրկնելին: Հայրենիք կոչվող կենսատարածքը կարող է լինել ազատ և անկախ:   Առանց հայրենիքի չկա և չի կարող լինել ազգ, որպես այդպիսին։  Ժողովուրդներն  ազատագրական պայքարի դժվարին ճանապարհ են անցել, մեծամեծ զոհեր տվել, ազատ ու անկախ Հայրենիք ունենալու համար: Ահա՛ թե ինչու ազգային գաղափարախոսությունների հիմքում, ի թիվս ազգի գաղափարի, նաև ամբողջական հայրենիքի գաղափարն է: Ժողովուրդը ղեկավարվում է «Հայրենիքի հրամայականով»: Հայրենիքը ազգի համար դառնում է սրբություն: «Հայրենիքը» ամբողջական պատմական հասկացություն է:

Ազգասիրությունը՝ նացիոնալիզմը, հայրենասիրությունը՝ պատրիոտիզմը, այնքան են սերտաճած, որ պատմաքաղաքական գրականության մեջ շատ հաճախ նույնացվում են:  Հայրենիքը և հայրենասիրությունը ժողովրդի գոյապահպանման հիմնական պայմանն են: Առանց հայրենասիրության հայրենիք գոյություն ունենալ չի կարող, հայրենիք պահել հնարավոր չէ: Հայրենիքը սերունդների դարավոր, հերոսական պայքարի արդյունքն է: Առանց անձնազոհության, առանց արյունի ոչ մի ժողովուրդ հայրենիք չի կարող ունենալ: Հայրենիքի համար զոհվելը հերոսություն է: Հերոսների արյունով ներծծված մայրենի հողը քաջերի նոր սերունդներ է կյանքի կոչում:   Հայրենիքի գաղափարի քարոզչությունը մշտապես պետք է գտնվի ամեն մի ժողովրդի պետականության, ազգային, հասարակական-քաղաքական մտքի, ազգային կազմակերպությունների ուշադրության և հոգատարության կենտրոնում: Այդ չափազանց կարևոր խնդիրը գործնականում իրագործելու համար յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ունենա իր իսկական ազգային դպրոցը, ազգային կրթական համակարգը: Հայրենիքն առաջին հերթին դավանանք է։

Հայրենիքը պատկանում է ողջ ժողովրդին՝ անցած դարերի բոլոր նահատակներից մինչև ապագայում ծնվելիք բոլոր սերունդները: Այդ պատճառով էլ ժողովրդի ոչ մի սերունդ, ոչ մի գործիչ իրավունք չունի թեկուզ մի թիզ հող նվիրաբերելու, հանձնելու, զիջելու այլ ժողովուրդներին կամ էլ հրաժարվելու կորցրած հայրենիքի տարածքներից:

Յուրաքանչյուր ժողովուրդ գոյապահպանման և բնականոն զարգացման համար պետք է ունենա անկախ ազգային պետականություն: Պետությունը կյանքի է կոչվում ազգային գաղափարախոսության հիմնադրույթներն իրականացնելու համար: Առանց անկախ ազգային պետության ոչ մի ժողովուրդ չի կարող երկար ժամանակ գոյապահպանվել: Պետությունը ժողովրդի ինքնապահպանման բնազդի արտահայտության բարձրագույն ձևն է:

Ազգային պետությունը ղեկավարվում է ազգային գաղափարախոսության հիմնադրույթներով: Ազգային գաղափարախոսությունը տեսություն է, ինքնապահպանման համակարգ, որի իրականացման համար դարերի ընթացքում կյանքի են կոչվել իշխանությունների և պետությունների տարբեր ձևեր: Անհեթեթություն է ազգային և պետական գաղափարախոսություններն իրար հակադրելը: Ժողովուրդը պետություն է ստեղծել իր ազգային գաղափարախոսությունը իրականացնելու համար, եթե իշխանավորները չեն կատարում այդ խնդիրը, նրանք հեռացվում են իշխանությունից: Նույնը վերաբերում է նաև պետականության ձևերին: Յուրաքանչյուր ժողովուրդ կյանքի է կոչում պետականության և հասարակարգի այն ձևը, որն ավելի լավ է արտահայտում և իրականացնում իր ազգային գաղափարախոսությունը: Պետական գաղափարախոսությունը պետք է ելնի ազգի գերագույն շահերից, որոնք ամբողջությամբ ամփոփված են ազգային գաղափարախոսության մեջ: Ազգային գաղափարախոսությունը ռազմավարություն է, պետականը՝ մարտավարություն: Այդ առումով էլ պետական գաղափարախոսությունն ազգային գաղափարախոսության բաղկացուցիչ մասն է կազմում: Ազգային գաղափարախոսության ռազմավարական և մարտավարական ծրագրերի համակարգը կոչվում է ազգային ծրագիր: Յուրաքանչյուր ազգային պետության հիմնական խնդիրն ազգային գաղափարախոսության ռազմավարական և մարտավարական ծրագրերի, այսինքն՝ ազգային ծրագրի իրականացումն է: Այդ պատճառով էլ ազգային և պետական գաղափարախոսությունների միջև հակասություններ լինել չեն կարող:

Իսկ եթե կան հակասություններ, որեմն դրանք արհեստածին են և ենթակա կանոնակարգման։ Ազգային պետությունը, ելնելով ազգային գաղափարախոսության հիմնախնդիրներից, մշակում է ազգային անվտանգության հայեցակարգ, որի հիմնաքարերն են՝ ազգային տնտեսության, արտաքին և ռազմական քաղաքականության դոկտրինները, ազգային մշակույթի և կրթական համակարգի զարգացման խնդիրները:  Պետության կայացումը և հզորացումը, որոնք պետական գաղափարախոսության առանցքն են, նույնպես ազգային գաղափարախոսության հիմնադրույթներից են: Եթե պետությունն ազգային է, ապա, բնականաբար, նրա նպատակը կարող է լինել միայն ազգի շահերի պաշտպանությունը՝ ազգային գաղափարախոսության կենսագործումը:

Պետությունը ժողովրդինն է, և երկրի բոլոր ուժերը պարտավոր են սրբորեն կատարել իրենց պարտականությունը:

Ինչ մնում է ազդեցության ոլորտին՝ սկսած 19-րդ դարի սկզբից Անդրկովկասում հիմք է դնում ռուսական ազդեցության գործոնը և իր ներկայությամբ հաստատում ուժի գերակայության այն թեզը, որ տարածաշրջանում ոչ մի հիմնախնդիր չի կարող արմատական լուծում ստանալ առանց Ռուսաստանի մասնակցության: Պարսկաստանը, թողնելով Պարսկահայաստանը Ռուսաստանին, տարածաշրջանի քաղաքական կյանքում անցնում է երկրորդ պլան: Հայաստանի համար մղվող պայքարի ասպարեզը մնում է Ռուսաստանին և Թուրքիային:  Արմատական տարբերություններ գոյություն ունեին Ռուսաստանի և Թուրքիայի գաղութային քաղաքականության միջև: Թուրքիան նվաճում և սեփականացնում էր այլ ժողովուրդների հայրենիքները, իսկ բնակչությանը ֆիզիկապես ոչնչացնում, իսկ Ռուսաստանը, ընդհակառակն, վարում էր ավանդական գաղութային քաղաքականություն՝ իր բոլոր բացասական հետևանքներով, դրա հետ մեկտեղ նվաճված ժողովուրդները Ռուսաստանում ապահովում էին իրենց ֆիզիկական գոյությունը, համախմբումը, ազգային մշակույթի զարգացումը և այլն: Ստեղծված պատմական իրավիճակում ռուսական կայսրության և Հայաստանի պատմական ճակատագրերը միահյուսվեցին, հայ ժողովուրդը, իր ազգային գաղափարախոսության ռազմավարական հիմնախնդիրների հանգուցալուծումը սկսեց իրականացնել Ռուսաստանի ռազմավարական ծրագրերի ոլորտներում, անկախ այն հանգամանքից, թե ինչ գույն ու ռեժիմ ունի այդ երկիրը: Ռուսաստանի ռազմավարական հաղթանակը պանթուրքիզմի դեմ կնշանակի հայոց ազգային գաղափարախոսության հաղթանակ։

Արդի զարգացումները տանում են դեպի երկբևեռ աշխարհակարգի վերականգնում՝ Արևելք-Արևմուտք  հակադրաականության, սառը պատերազմի շրջանակում, որտեղ մեր հայերիս տեղը Արևելյան խմբակցությունը կարող է լինել միմիայն։  Մեր ժողովրդի ազատությունը և երկրի անկախությունը կարող է ապահովել միմիայն Արևելյան նորաստեղծ ռազմաքաղաքական բլոկը Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդությամբ։


Հայ ազգային գաղափարաբանության հիմքում ընկած են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Մեսրոպ Մաշտոցն, Մովսես Խորենացին, Եղիշեն, Փավստոս Բուզանդն, և մի շարք այլ միջնադարյան ազգային գործիչներ։

Հովհաննես Թումանյանի կողմից հիմնված «Վերնատունը», ոչ միայն գրական ակումբ էր, այլ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ դարբնոց: Այդ խմբակի անդամներ՝   Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Ավետիք Իսահակյանի, Լևոն Շանթի, Դերենիկ Դեմերճյանի, Նիկոլայ Աղբալյանի ստեղծագործությունների զգալի մասը Ազգային գաղափարախոսության ոգով է գրված:


Ազգի և հայրենիքի գաղափարների քարոզչության գործում խոշոր դեր կարող են խաղալ Գարեգին Նժդեհի մոտեցումները, ազգային գաղափարախոսության հիմնադրույթները, որոնցից կարևորներն են՝

ա) «Հայ ժողովուրդը — դա Անթեյն է առասպելական: Պարտվում է նա, հենց կտրվում է հողից: Իսկ այդ վերջինը — հայրենի հողը — խորհրդանշում է կուլտուր-ազգային բոլոր արժեքներն ու սրբությունները, որ ստեղծել է ինքը՝ հայ ժողովուրդը»:

բ) «Հայ էությունը մշակելու գործում ազդեցության առյուծի բաժինը ընկել է հայոց լեռներին: Մասիսն է դայակը հայ հոգու»:

գ) «Հայրենիքը ծնվեց մարդու առաջին մտածումի հետ՝ թե սուրբ է հայրենի հողը: Հայրենիքը ստեղծվեց այն օրը, երբ մարդը գիտակցորեն ու ժպտադեմ, մեռավ հայրենի հողի համար: Հայրենիք չէ սոսկ երկիրը, հայրենիքը դառնում է այն հոգևոր արժեքների կրողը, որոնցով նրան օժտում է ժողովուրդը: Երկիրը — դա Հայրենիքի աշխարհագրական զրահն է: Հայրենիքը — այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը»:

դ) «Ժողովրդի հոգևոր ստեղծագործությունը՝ ահա՛ Հայրենիքը՝ իր սկիզբն առած նրա բանարվեստի, ձեռագիր գրքերի, սուրբի, լուսակիրի, հերոսի, նրա առաջին ավանդույթների հետ»:

ե) «Իբրև հասկացողություն՝ Հայրենիքն ընդգրկում է ոչ միայն անցյալն ու ներկան, այլև գալիքը: Դա ժողովրդի պատմական առաքելությունն է ըստ իր վախճանական նպատակի. զարգացող մի հավերժություն է Հայրենիքը: Դա եկող ու անցյալ սերունդների անմահությունն է, որն իբրև գաղափար և գործ, ժողովուրդը դրոշմում է նյութի վրա, խոսքի մեջ և այն ապրեցնում իբրև անմեռ հուշ, իբրև պատմություն»:

զ) «Մարդկային գործերի մեջ Հայրենիքի պաշտպանությունն է ամենասրբազանը»:

է) «Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը. դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես՝ անհայրենիք: Արժանի չես Հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ՝ իբրև միջոց»:

ը) «Ի մի բան՝ Հայրենիք ստեղծել՝ նշանակում է հարազատել երկիրը և հարազատանալ նրան: Այսպիսով ահա նույնանում են ժողովրդի ոգին ու Հայրենիքը: Սրանց դարավոր փոխներգործության արգասիք է Հայրենիքը»:

թ) «Զատեցեք նախահայրերի աճյունը հայրենի հողից, և դուք կունենաք երկիր մշակելի, բնակելի, բայց ոչ Հայրենիք»:

ժ) Նժդեհի՝ իր իսկ գրած տապանագրում, որպես կտակ, որպես կոչ ապագա սերունդներին, ասվում է. «Հանգիստ են ուզում մեռելներն անթաղ, անգերեզման… Եվ պիտի հանգչեն… Այնժամ պիտի հանգչեմ և ես, երբ հայոց աշխարհի երեք հսկաները — Մասիս, Նեմրութ և Սիփան, իրար ձայն տան, կանչեն ցնծագին՝ «Հե՜յ, հե՜յ, էլի հայունն ենք, էլի հայ, էլի Հայաստան…»:

ի) Ելնելով ազգային գաղափարախոսության հիմնադրույթներից և մասնավորապես արդեն հիշատակված դրույթներից Նժդեհը հանգում է հետևյալ եզրակացությանը.


«ԱՄԵՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԻՐ ՈՒՍԵՐԻ ՎՐԱ Է ԿՐՈՒՄ ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱԽՏԻ ԲԵՌԸ»:

Այս թեզից հետևում է՝

բոլոր ժողովուրդները, որպես կանոն, ապրում և պայքարում են ազգային գաղափարախոսության չլուծված հիմնախնդիրների իրականացման համար:  Ոչ մի ժողովուրդ կամովին չի հրաժարվում իր պատմական իրավունքներից: Պատմության բեռից հրաժարվում են ապազգային ուժերը և պարտվողականները:


*Հասմիկ Գուլակյան,  «Ազգայնականություն․ ինչո՞ւ է այն անհրաժեշտ» (Հրապարակախոսություն), 2008

(L. Խուրշուդյան)


 


Карта сайта

adstart.ru